Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Խնայողություններ >Ի՞նչ անեմ, որ խնայողություններս չծախսեմ

Ի՞նչ անեմ, որ խնայողություններս չծախսեմ

Էպիզոդի նկարագրություն

Եկամտիդ մի մասն ամեն ամիս պարտաճանաչ կերպով խնայում ես, բայց գրեթե նույնքան պարտաճանաչ էլ ծախսո՞ւմ: Ծանո՞թ իրավիճակ է: Արի՛ պարզենք, թե ինչպես կարելի է խուսափել այս սովորությունից:

  1. Ունեցիր հստա՛կ նպատակ։

Օրինակ` ճանապարհորդել, նոր մեքենա գնել կամ էլ այլ բան: Մտքումդ մի՛շտ պահիր նպատակդ: Ճամպրուկում իրերդ դասավորելիս սկզբում մեծ ու կարևոր իրերն ես տեղավորում, չէ՞: Այս դեպքում ևս պետք է նախ մտածես մեծ նպատակիդ մասին և գումարդ ուղղես դրան, հետո անցնես փոքրերին:

  1. Բյուջե՛ սահմանիր և անընդհատ հետևի՛ր ծախսերիդ։

Նախապե՛ս պլանավորիր բյուջեդ ու հետևի՛ր ծախսերիդ. այսպես հնարավորինս կխուսափես չպլանավորված գնումներից և  խնայողություններդ անտեղի օգտագործելուց: Ծախսերիդ հետևելու համար կարող ես օգտվել հեռախոսային հատուկ հավելվածներից։ Այդ հավելվածների միջոցով կարող ես նաև հետևել, թե ինչի վրա ես գումար ծախսում և լավացնես վարքագիծդ:

  1. Բարդացրո՛ւ խնայողություններդ օգտագործելը։

Օրինակ՝ առօրյա ծախսերիդ համար օգտագործի՛ր մի բանկի քարտ, իսկ խնայողություններդ պահի՛ր մեկ այլ բանկի հաշվում: Խնայողություններիդ մի մասը պահի՛ր ոչ ամեն վայրկյան հասանելի ֆինանսական գործիքներում, օրինակ՝ գնի՛ր արժեթուղթ, որը վաճառելը ժամանակ է պահանջում: Մեկ այլ տարբերակ է խնայածդ գումարը մասերի բաժանելը և ժամկետային ավանդներ դնելը: Միայն թե հիշի՛ր, որ ավանդը ժամանակից շուտ վերցնելու դեպքում կարող ես կորցնել տոկոսագումարները:

  1. Ինքդ քեզնից պարտք վերցրու՛։

Երբ օգտագործում ես խնայածդ գումարից, համարի՛ր դա պարտք, որը պետք է մարել՝ երբեմն նաև հավելյալ «տոկոսներ» վճարելով:

Սրանք մեր պարզ, բայց փորձված տարբերակներն էին, կարող ես հորինել քոնը:

Խնայի՛ր ու եղի՛ր բարեկեցիկ։