Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Խնայողություններ >Ինչու՞ փողս տարբեր տեղերում պահեմ / դիվերսիֆիկացիա/

Ինչու՞ փողս տարբեր տեղերում պահեմ / դիվերսիֆիկացիա/

Էպիզոդի նկարագրություն

Ո՞րն է քո ամենամեծ նպատակը կամ գուցե երազանքը՝ տո՞ւն գնել, կրթությո՞ւն ստանալ, ճանապարհորդե՞լ կամ գուցե պարզապես կայուն ու երջանիկ կյա՞նք ունենալ: Դրանց հասնելու համար քեզ պետք է մտածել ոչ միայն եկամուտների, այլ նաև՝ դրանք ճիշտ տեղերում պահելու մասին:

Հենց այստեղ է, որ դիվերսիֆիկացիան, այսինքն՝ գումարը տարբեր տեղերում պահելու սկզբունքը, գալու է քեզ օգնության, որպեսզի գումարդ աճի, իսկ ռիսկերդ՝ նվազեն: Ֆինանսիստները դա մի հետաքրքիր օրինակով են բացատրում, ասում են՝ «բոլոր հավկիթները մի՛ պահիր մեկ զամբյուղում»: Բայց նախ՝ ինչո՞ւ: 

Եթե գումարդ բաժանես տարբեր ներդրումների միջև, օրինակ՝ մի մասը ավանդ դնես, մի մասով արժեթղթեր գնես, մի մասով էլ ներդրում կատարես անշարժ գույքում,  գումարդ կաճի կայուն կերպով: Եթե անգամ մի ոլորտում տատանումներ լինեն, և դու կորուստ ունենաս, մյուս ներդրումդ կհավասարակշռի իրավիճակը: Այլ կերպ ասած՝ մի շուկայի անկումը կփոխհատուցվի մյուս շուկայի աճով:

Դիվերսիֆիկացիան հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել գումարը, այլ նաև ստանալ եկամուտ միաժամանակ տարբեր աղբյուրներից: Ներդնելով տարբեր ակտիվներում՝ կարող ես օգտվել շուկայի փոփոխություններից ու մեծացնել եկամուտները:

Իսկ ինչպե՞ս դիվերսիֆիկացնել: Կա քո միջոցները ըստ քո տարիքի բաշխելու մի հետաքրքիր մոտեցում, որն առաջարկում է քո գումարի այնքան տոկոսը ներդնել ոչ ռիսկային գործիքներում, որքան որ քո տարիքն է: Օրինակ՝ եթե 35 տարեկան ես, ապա միջոցներիդ 35%-ը բաշխի՛ր ոչ ռիսկային գործիքների միջև, ինչպիսիք են ավանդը կամ պարտատոմսը: Իսկ մնացած 65%-ը կարող ես հատկացնել ռիսկայիններին, օրինակ՝ բաժնետոմսերին և այլ ակտիվներին:

Կարող ես նաև ըստ երկրների և ըստ արժույթի դիվերսիֆիկացնել միջոցներդ՝ հաշվի առնելով նաև երկրների, արժույթների ու ոլորտների ռիսկերը:

Ամեն դեպքում հիշի՛ր, որ պետք է հետևես, թե ինչպես են գնում ներդրումներիդ գործերը, պարբերաբար ուսումնասիրես շուկաները, երկրները ու արձագանքես փոփոխություններին:

Լա՛վ կառավարիր խնայողություններդ, եղի՛ր բարեկեցիկ։