Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Խնայողություններ >Ինչպե՞ս խնայել անկախ եկամտից

Ինչպե՞ս խնայել անկախ եկամտից

Էպիզոդի նկարագրություն

«Ինչպե՞ս խնայել, եթե ստացածս հազիվ ծախսերիս է հերիքում»: Շատերն են այսպես մտածում: Բայց հիշու՞մ ես՝ քովիդը ոչ ոքի եկամուտը չհարցրեց: Այն եկավ և միանգամից շոկ ստեղծեց, որովհետև շատերը պատրաստ չէին դրան: Անվտանգության բարձիկ չունենալը բազմաթիվ մարդկանց դրեց դժվարին կացության մեջ:

Արի՛ թվեմ 3 կարևոր ու հիմնական պատճառ՝ ինչու խնայել: Առաջինը՝ չնախատեսված իրավիճակների համար, որովհետև չգիտես, թե վաղը ինչ կլինի՝ լինի դա լավ առիթ, թե՞ ոչ այնքան։ Երբ գումար պետք լինի, միանգամից չես դիմի պարտքերին կամ վարկերին։

Երկրորդ՝ կարող ես գնալ երազանքներիդ հետևից: Կլինի դա լավ կրթություն, ճամփորդություն, ինչու չէ՝ նաև տուն ու … ինչ ուզես։ Խնայած գումարն ավելի է մոտեցնում քեզ քո երազանքների իրագործմանը:

Եվ վերջապես, խնայողությունները կարող ես վերածել ներդրումների ու դրանից գումար վաստակել:

Իսկ ինչպե՞ս խնայել. ամենադժվար, բայց նաև ամենակարևոր քայլն է խնայելը մշակույթ ու սովորություն դարձնելը։ Հեշտ ձև ասե՞մ. ստացա՞ր եկամուտ, նույն պահին 10%-ը մի կողմ: Կարևոր է սա արագ անել, թե չէ աչքդ կթարթես, ու գումարդ չկա։ Հաջողակ ներդրողներն ասում են, որ պետք է ծախսես այն, ինչ մնում է խնայելուց հետո, ոչ թե խնայես այն, ինչ մնում է ծախսելուց հետո:

Լաաա՜վ, մի գաղտնիք էլ. ես ամբողջովին խնայում եմ կողմնակի եկամուտս. նվե՞ր[1]  ստացա՝ գնում է խնայողությանը, կարճաժամկետ նախագի՞ծ ունեցա, հրաշալի՜, ավելանում է ֆինանսական անկախությունս։

Խնայած գումարը վաստակած գումար է:

Սկսի՛ր խնայել հենց այսօր, եղի՛ր բարեկեցիկ։