Բողոք ունեմ․ ու՞մ դիմել ԱՊՊԱ-յի հետ կապված
Էպիզոդի նկարագրություն
Եթե համաձայն չես ԱՊՊԱ պատահարի հետևանքով գույքային վնասի հատուցման որոշման հետ կամ համաձայն չես մեղավորության հետ կապված, ահա թե ինչ կարող ես անել՝
Առաջին քայլ. դիմի՛ր քո ապահովագրական ընկերությանը:
Կարող ես ընտրել անվճար լրացուցիչ փորձաքննությունը, որին դիմելու համար 2 աշխատանքային օր ունես: Պատասխան կստանաս 3-5 աշխատանքային օրում:
Երկրորդ քայլ. կարող ես դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին։ Հաշտարարի ծառայություններն անվճար են։
Իսկ եթե ստացել ես ապահովագրական ընկերության պատասխանը, բայց ցանկանում ես դիմել կրկնակի փորձաքննության, դա հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ կրկին դիմելով ծանուցումն ուղարկած ապահովագրական ընկերությանը։ Սակայն այս դեպքում փորձաքննությունը պատվիրակում է արդեն Ավտոապահովագրողների Բյուրոն՝ վճարովի հիմունքներով։
Այսինքն, բողոքարկման ցանկության դեպքում դու լրացնում ես կրկնակի փորձաքննության նշանակման դիմումը, կատարում դրա համար վճարումը, և դիմումի ու վճարման անդորրագրի հետ միասին ուղարկում ապահովագրական ընկերությանը։ Ապահովագրական ընկերությունը փաթեթը ստանալուց հետո այն փոխանցում է Բյուրոյին՝ բողոքարկմանը ընթացք տալու համար։
Վերջին քայլդ՝ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող ես բողոքարկել դատարանում։
Այսպիսով՝ հիշի՛ր՝
Նախ պետք է դիմես քո ապահովագրական ընկերությանը, հետո կարող ես դիմել նաև Ֆինանսական համակարգի հաշտարարին։
Բյուրոն ներգրավվում է միայն կրկնակի փորձաքննության դեպքում։
Կարող ես դիմել նաև դատարան։
Ճանաչի՛ր իրավունքներդ։ Եղի՛ր բարեկեցիկ։

