50/30/20 կանոնով բյուջեի պլանավորում
Էպիզոդի նկարագրություն
Դժվարանու՞մ ես կառավարել ֆինանսներդ: Հաճախ ծախսու՞մ ես ավելին, քան պլանավորել էիր կամ չե՞ս կարողանում խնայել ապագայի համար: 50/30/20 կանոնը կարող է օգնել քեզ այս հարցում:
Բաժանի՛ր եկամուտդ երեք մասի՝
- 50%՝ կարիքներիդ համար,
- 30%՝ ցանկությունների համար և
- 20%՝ խնայողությունների կամ բարձր տոկոսով վարկերի վաղաժամկետ մարումների համար։
Եկամտիդ 50%-ը հատկացրո՛ւ պարտադիր ծախսերին. օրինակ՝ տան վարձ, կոմունալներ, սնունդ, տրանսպորտ, վարկի ամսական մարում և այլն:
Եկամտիդ 30%-ը ծախսի՛ր ցանկություններիդ համար, օրինակ՝ հոբբիներ, նոր հագուստ, ընկերների հետ ժամանց և այլն։ [4] Սրանք այն բաներն են, որոնք կյանքն ավելի գունեղ են դարձնում ու բարձրացնում տրամադրությունդ և կյանքիդ որակը:
Եվ վերջապես, 20%-ը պետք է հատկացնես խնայողություններին կամ էլ ժամանակից շուտ մարես բարձր տոկոսով վարկերդ: Չմոռանաս, որ խնայելը կարևոր է բարեկեցիկ ապագադ կառուցելու համար: Բայց մի՛ կրկնիր շատերի սխալը. խնայի՛ր սկզբում, որովհետև եթե սկսես ծախսել, խնայելու բան չի մնա: Նախ վճարի՛ր ինքդ քեզ ու քո ապագային, հետո՛ նոր անցիր կարիքներիդ ու ցանկություններիդ:
50/30/20 մեթոդը կօգնի քեզ հավասարակշռել քո ընթացիկ ծախսերը, անձնական հաճույքները և ֆինանսական բարեկեցությունը: Այն բավականին ճկուն է և կազմակերպված՝ քեզ ճիշտ ուղու վրա պահելու համար։
Կառավարի՛ր ֆինանսներդ, եղի՛ր բարեկեցիկ:

