Ի՞նչ իրավունքներ ունեմ ֆինանսական համակարգում
Էպիզոդի նկարագրություն
Հայաստանի ֆինանսական համակարգում ընդգրկվելով՝ ունես մի շարք իրավունքներ։ Արի՛ քննարկենք դրանցից մի քանիսը։
Նախ, դու ունես տեղեկացված լինելու իրավունք։ Քեզ հետաքրքրող տեղեկությունները կարող ես ստանալ բրոշյուրներից, գովազդներից, ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքից կամ ֆինանսական ընկերության մասնաճյուղից: Եթե ծառայություն ձեռք բերելիս ինչ-որ բան պարզ չէ՝ հարցրո՛ւ՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Քո հիմնական իրավունքները նշված են պայմանագրում։ Կարևոր է այն մանրամասն կարդալը,[8] իրավունքներդ և պարտականություններդ լավ հասկանալը և պայմանագրի քո օրինակը պահելը։
Երբ դու արդեն հաճախորդ ես, իրավունք ունես քեզ մատուցվող ծառայության էական պայմանների ցանկացած փոփոխության դեպքում ծանուցվել ֆինանսական կազմակերպության կողմից:
Մյուսը՝ գաղտնիության իրավունքն է: Ցանկացած պայմանագիր ստորագրելիս ու համաձայնություն տալիս հասկացի՛ր, թե անձնական ինչ տվյալներ ես տրամադրում, ինչ նպատակով են դրանք օգտագործվելու: Հարցերի դեպքում խնդրի՛ր աշխատակցին պարզաբանել դրանք:
Պայմանագրի հետ դու կստանաս նաև «Ի՞նչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը. ահա օրինակը,[9] որը կուղղորդի քեզ անհրաժեշտության դեպքում։ Եթե բողոքի պատասխանից գոհ չես, իրավունք ունես այն բողոքարկելու կամ դիմելու այլ կառույցների, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ հոլովակում։
Իմացի՛ր իրավունքներդ, եղի՛ր բարեկեցիկ:
