Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Պայմանագիր / Լրացուցիչ >Ինչ կշահես, եթե կարդաս պայմանագիրդ

Ինչ կշահես, եթե կարդաս պայմանագիրդ

Էպիզոդի նկարագրություն

Քանի՞ անգամ է պատահել, որ ստորագրել ես պայմանագիր՝ առանց այն կարդալու։ Յուրաքանչյուր ստորագրություն պատասխանատվություն է։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ կարող ես շահել, եթե կարդաս պայմանագիրդ։

Պայմանագրերը հաճախ շատ երկար և բարդ են թվում, բայց դրանք կարդալը շատ կարևոր է իրավունքներդ պաշտպանելու և անսպասելի խնդիրներից խուսափելու համար։ Երբ դու ստորագրում ես պայմանագիր, օրինակ՝ վարկ վերցնելիս կամ ապահովագրություն ձեռք բերելիս, դու համաձայնում ես այն պայմաններին, որոնք նշված են այդ փաստաթղթում։ Չկարդալով պայմանագիրը՝ դու կարող ես կանգնել անսպասելի իրավիճակների առաջ՝ վճարումների, տոկոսների կամ այլ պարտավորությունների հետ կապված։

Մասնավորապես, պայմանագրերը հաճախ ներառում են կետեր տույժ-տուգանքների և հավելյալ վճարների մասին, որոնք կարող են մեծացնել քո ֆինանսական պարտավորությունները, եթե, օրինակ, ուշացնես վճարումները կամ վաղաժամկետ վճարում իրականացնես։ Հետևաբար, շատ կարևոր է պայմանագիրը մանրամասն կարդալն ու բոլոր պայմանները հասկանալը, քանի որ դրանք կարող են ազդել քո ֆինանսական վիճակի վրա։

Եթե ինչ-որ կետ քեզ համար անհասկանալի է, խնդրի՛ր ֆինանսական կազմակերպության աշխատակցին բացատրել այն: Դա նրա պարտականությունն է:

Արդյունքում՝ պայմանագրերը կարդալով՝ դու ապահովում ես քո իրավունքների պաշտպանությունը և նվազեցնում ֆինանսական ռիսկերը։

Պայմանագիրը կարևոր է կարդալ նաև երաշխավոր լինելու պարագայում: Իմացի՛ր պարտավորություններիդ սահմանները, վարկառուի չվճարելու դեպքում հիշի՛ր, որ դու ես վճարելու, իսկ գույքդ էլ կարող է բռնագանձման ենթարկվել:

Կարդա՛ պայմանագիրը, հասկացի՛ր այն,  հետո՛ նոր ստորագրիր: Եղի՛ր բարեկեցիկ: