Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Պայմանագիր / Լրացուցիչ >Ի՞նչ կշահես վարկի պայմանագիրդ ուշադիր կարդալուց

Ի՞նչ կշահես վարկի պայմանագիրդ ուշադիր կարդալուց

Էպիզոդի նկարագրություն

«Հիմա պայմանագիրը արագ ստորագրեմ, վարկիս գումարը փոխանցեք։
Բայց մի րոպե, իսկ կարո՞ղ է այս անգամ պայմանագիրը ամբողջությամբ կարդամ, անցյալ անգամվա պատմությունը չկրկնվի»։[10] 

Այո, ճիշտ էլ կանես։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչ կարող ես շահել՝ պարզապես պայմանագիրդ ուշադիր կարդալով։ Վարկ ձևակերպելը լուրջ պարտավորություն է, և դրա պայմանները կարող են շատ կարևոր լինել քո ֆինանսական ապագայի համար։


Պայմանագիրը պարունակում է այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են՝ տոկոսադրույքի տեսակը՝ լողացո՞ղ է, թե՞ հաստատուն: Իսկ եթե լողացող է, ինչի՞ հիման վրա է այն հաշվարկվում, ո՞ր դեպքերում կարող է փոխվել և որքա՞ն հաճախ:

Այնուհետև, կարևոր են վարկի թե՛ անվանական, թե՛ փաստացի տոկոսադրույքները: Երկրորդը ցույց է տալիս վարկի «իրական արժեքը»՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը։

Պետք է ստուգել նաև՝ արդյոք կարո՞ղ ես վաղաժամկետ մարում կատարել և ինչ հետևանքներ դա կունենա: Օրինակ սպառողական վարկի դեպքում դու միշտ կարող ես ժամանակից շուտ վճարել վարկդ՝ առանց տույժերի և տուգանքների:

Պայմանագրով է սահմանվում նաև, թե ինչ եղանակով են լուծվելու քո ու բանկի կամ վարկային կազմակերպության միջև առաջացած վեճերը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՞ միջոցով, արբիտրաժային դատարանո՞վ, թե՞ այլ կերպ: Ընտրությունը պետք է քոնը լինի:

Ու վերջում նշեմ, որ պայմանագրին է կցվում քո մարումների գրաֆիկը: Այն քեզ օգնում է  պարտաճանաչ վճարել վարկերը, որպեսզի չունենաս ուշացումներ, չվտանգես գույքդ, վարկային պատմությունդ, չենթարկվես տույժերի ու տուգանքների: Դրանց մասին մանրամասները ևս պայմանագրում են: Իսկ վաղաժամկետ վճարելու դեպքում կարող ես պահանջել նոր գրաֆիկը:


Հիշի՛ր՝ եթե պայմանագրի մեջ որևէ բան անհասկանալի է, դիմի՛ր մասնագետին, ով կօգնի քեզ հասկանալ։ Իսկ եթե որևէ կետի հետ համաձայն չես, քննարկի՛ր բանկի կամ վարկային կազմակերպության հետ:

Կարդա՛ վարկի պայմանագիրը, հետևի՛ր պայմաններին, եղի՛ր հետևողական, եղի՛ր բարեկեցիկ: