Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Փոխարժեք >Ինչպե՞ս է ձևավորվում արտարժույթի փոխարժեքը
Դասընթացի բովանդակություն
0%
Գլուխ հանիր տնտեսությունից

Ինչպե՞ս է ձևավորվում արտարժույթի փոխարժեքը

Էպիզոդի նկարագրություն

Շատերս ենք հաճախ մտածում արտարժույթի փոխարժեքի մասին, հատկապես երբ պլանավորում ենք արտարժույթով գործարք անել, օրինակ՝ արտերկրից գնում կատարել կամ արտերկիր հանգստի մեկնել։

Ինչ վերաբերում է առօրյայում ֆինանսական պլանավորմանը, ապա դա սովորաբար իրականացնում ենք հայկական դրամով, քանի որ Հայաստանում եկամուտ ենք ստանում ու գնումներ կատարում դրամով։ Բայց այժմ խոսում ենք այն դեպքերի մասին, երբ առնչվում ենք արտարժույթին։

Ուրեմն նախ խոսենք, թե ինչպես է ձևավորվում փոխարժեքը. ինչպես ցանկացած ապրանքի, օրինակ՝ կաթի կամ ծիրանի, այնպես էլ արտարժույթի գնի, այսինքն փոխարժեքի ձևավորման հարցում մեծ դեր են խաղում այդ արտարժույթը  «արտադրողներն» ու «սպառողները»։ Արտարժույթի «արտադրողները» նրանք են, որոնք արտարժույթ են բերում Հայաստան, օրինակ՝ ապրանք են արտահանում ու վաճառում այլ երկրներում ու բերում դոլար, ռուբի, եվրո և այլ արժույթներ։ Արտարժույթ արտադրողներ են նաև արտասահմանում աշխատողները, արտասահմանյան ներդրումներից եկամուտներ ստացողները, Հայաստան եկող զբոսաշրջիկները և այլն։ Իսկ արտարժույթի սպառողներ են հայ զբոսաշրջիկները, որոնք արտարժույթ են գնում՝ արտասահմանում օգտագործելու նպատակով, բնակության վայրը փոխողները, արտասահմանում ներդրման համար արտարժույթ ձեռքբերողները և այլք։ Եթե արտարժույթի արտադրողներն ավելի շատ լինեն, օրինակ՝ ավելի շատ դոլար մտնի Հայաստան, ու առաջարկը շատանա, արդյունքում դոլարի գինը կընկնի։ Դե պատկերացրո՛ւ կաթի օրինակով. եթե կաթի քանակությունը երկրում շատանա, այն հավանաբար կէժանանա։ Սակայն եթե շատանան դոլարի սպառողները, այսինքն՝ դոլարի պահանջարկը մեծանա, ապա դոլարի փոխարժեքը կբարձրանա։ Իհարկե կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել արտարժույթի արտադրողների ու սպառողների վարքագծի վրա, օրինակ՝ տնտեսական, քաղաքական իրավիճակը, ֆինանսական շուկայի գործոնները, մարդկանց սպասումները և այլն։

Ինչպես հասկացանք, Կենտրոնական բանկը և որևէ այլ կառույց չի որոշում կամ սահմանում փոխարժեքը: Բայց Կենտրոնական բանկը մեզ մի շատ կարևոր ծառայություն է մատուցում. մեզ տրամադրում է տեղեկություն այդ օրը շուկայում միջին փոխարժեքի վերաբերյալ, որպեսզի պլանավորենք մեր ֆինանսները, օգտագործենք այդ տեղեկությունը պայմանագրային հարաբերություններում և այլ նպատակներով։

Լա՛վ կառավարիր ֆինանսներդ, եղի՛ր բարեկեցիկ։