Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

ԿԲ և ֆինանսական համակարգ >Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
Դասընթացի բովանդակություն
0%
Գլուխ հանիր տնտեսությունից

Ինչպե՞ս օգտվես ֆինանսական կառույցներից - Կենտրոնական բանկ, ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա

Էպիզոդի նկարագրություն

Ուզո՞ւմ ես հասկանալ, թե ինչպես է աշխատում ֆինանսների աշխարհը։ Արի՛ նախ սկսենք ֆինանսական համակարգից, ի՞նչ է դա։ 

Ինչպես արյունատար համակարգն է սնուցում մարդու օրգանիզմը, այնպես էլ ֆինանսական համակարգն է ապահովում ֆինանսների շարժը տնտեսության մեջ։ Վերջինիս միջոցով խնայողություններ ունեցողների գումարները տրամադրվում են նրանց, ովքեր ունեն գումարի կարիք:

Ֆինանսական համակարգում գործում են տարբեր կառույցներ և կազմակերպություններ։ Այս հոլովակում կանդրադառնանք երեքին՝ Կենտրոնական բանկ, Ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում է երկրի ֆինանսական համակարգը։ Դա նշանակում է, որ ֆինանսական կազմակերպությունների համար մշակում է խաղի կանոններ ու վերահսկում, որ բոլորը պահեն այդ կանոնները։ Նրա գլխավոր նպատակներն են ապահովել գների կայունությունը և ֆինանսական կայունությունը։ Կենտրոնական բանկն ապահովում է նաև ֆինանսական շուկայի բնականոն զարգացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը, գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը, պայքարում է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ և իրագործում այլ նպատակներ։ Նշեմ նաև, որ իրեն վերապահված նպատակներն ու գործառույթներն իրականացնելիս Կենտրոնական բանկն անկախ է Հայաստանի պետական մարմիններից։

Խոսենք Հայաստանի ֆոնդային բորսա-ի՝ AMX-ի մասին. դա այն վայրն է, որտեղ մարդիկ և կազմակերպություններ կարող են գնել ու վաճառել տարբեր տեսակի արժեթղթեր, օրինակ՝ բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչպես նաև արտարժույթ։  Այն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ Բորսան ստեղծում է հարմար միջավայր, որտեղ ներդրողները կարող են արժեթղթերի հրապարակային  առևտուր անել, ստանալ անհրաժեշտ տեղեկություն և տեսնել գործարքների թափանցիկությունը, իսկ կազմակերպությունները կարող են դիմել ցուցակման և իրենց արժեթղթերը վաճառելու համար։

Եվ վերջում անդրադառնամ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային. դա այն կառույցն է, որը ապահովում է երկրի արժեթղթերի պահառությունն ու հաշվառումը, պատկերավոր ասած՝ ներդրումներիդ ապահով պահեստն է, որն ապահովում է քո սեփականության ճիշտ գրանցումը: Այն վարում է արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը, ինչպես նաև կազմակերպում է արժեթղթերով կատարված գործարքների վերջնահաշվարկը՝ փոխանցելով դրանք համապատասխան հաշիվներ։ Կենտրոնական դեպոզիտարիան ապահովում է արժեթղթերի շուկայի բնականոն ընթացքը։

Հմտորեն գործի՛ր ֆինանսների աշխարհում, եղի՛ր բարեկեցիկ։