Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

ԿԲ և ֆինանսական համակարգ >Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ
Դասընթացի բովանդակություն
0%
Գլուխ հանիր տնտեսությունից

Ի՞նչ կապ ունի Կենտրոնական բանկը քեզ հետ

Էպիզոդի նկարագրություն

Մտածե՞լ ես, թե ինչ ազդեցություն ունի Կենտրոնական բանկը քո առօրյայի վրա և ինչով կարող է օգնել քեզ։ Արի՛ բացահայտենք միասին։

Առաջինը պետք է խոսեմ գների կայունության մասին։ Կենտրոնական բանկն ապահովում է, որ գները կայուն լինեն, ինչի պարագայում քո եկամուտների գնողունակությունը լուրջ տատանումների չի ենթարկվի։ Դա նշանակում է, որ դու չես նկատի, որ ապրանքների գները ընդհանուր առմամբ փոխվել են, և ձեռք կբերես նույն ապրանքներն ու ծառայությունները, ինչ որ առաջ՝ առանց մտահոգվելու եկամուտիդ բավականացնելու մասին։

Քեզ առնչվող մյուս կարևոր գործառույթը ֆինանսական կայունությունն է։ Կենտրոնական բանկն ապահովում է ֆինանսական ամբողջ համակարգի անխափան գործունեությունը։ Դա նշանակում է, որ համակարգն ունակ է ապահովել դրամական միջոցների հոսքը ողջ տնտեսությունում, ինչի արդունքում դու կկարողանաս կատարել քո անկանխիկ վճարումները, գումար փոխանցել, խնայողություններ ու ներդրումներ կատարել, ապահովագրություն ձեռք բերել, վերցնել վարկեր և այլն՝ առանց մտահոգվելու դրանց կայունության ու ապահովության մասին։

Կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում է ֆինանսական կազմակերպությունները։ Այլ կերպ ասած՝ սահմանում է խաղի կանոններ ու հետևում, որ ֆինանսական կազմակերպությունները հետևեն դրանց։ Եվ եթե դու օգտվում ես այն ընկերություններից, որոնք ունեն Կենտրոնական բանկի լիցենզիան, իմացի՛ր, որ քո օրինական շահերը պաշտպանված են։ Լիցենզավորված ընկերությունների ցանկը կարող ես գտնել Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

Եվ վերջում ասեմ, որ քո առօրյայի անբաժան մասը կազմող հայկական դրամը ևս թողարկում և շրջանառության մեջ է դնում Կենտրոնական բանկը։ Բացի բոլորիս հայտնի թղթադրամներից ու մետաղադրամներից՝ թողարկում է նաև հավաքորդական թղթադրամներ, ներդրումային դրամներ և հուշադրամներ։ Դրանք քեզ կհետաքրքրեն, եթե հավաքորդության սիրահար ես կամ էլ ցանկանում ես կատարել յուրօրինակ ներդրումներ։

Վստահ քայլի՛ր ֆինանսական աշխարհում քո գործընկերների հետ, եղի՛ր բարեկեցիկ։