Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն

Էպիզոդի նկարագրություն

Քո ապագա կենսաթոշակի չափը կախված է ինչպես քո եկամտից ու ամսական հատկացումներից, այնպես էլ կենսաթոշակային ֆոնդից և ժամանակի ընթացքում այդ ֆոնդի աշխատած հավելյալ եկամտից։

Հայաստանում գործում են երկու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝ Ամունդի-Ակբա ու Ցե-Կվադրատ Ամպեգա և յուրաքանչյուրն առաջարկում են երեք կենսաթոշակային ֆոնդեր՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված։

Կայուն եկամտային ֆոնդի դեպքում խնայողություններդ ներդրվում են միայն պարտատոմսերում ու ավանդներում և ապահովում են քեզ կայուն եկամուտ ու ցածր ռիսկ:

Պահպանողական ֆոնդի դեպքում խնայողություններիդ մի մասը ներդրվում է բաժնետոմսերում, բայց մեծ կտորն ամեն դեպքում ներդրվում է պարտատոմսերում և ավանդներում: Այսպիսով պահպանողական ֆոնդը քեզ խոստանում է ավելի բարձր եկամուտ՝ առանց շատ բարձր ռիսկի:

Իսկ այ հավասարակշռվածի դեպքում խնայողություններիդ մինչև կեսը կարող է ներդրվել բաժնետոմսերում՝ տալով քեզ թեև բարձր ռիսկի, բայց նաև բարձր եկամտի հնարավորություն: Հիշում ես, չէ՞, որ ֆինանսիստները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում նախապատվությունը տալ բարձր ռիսկային, բայց նաև բարձր եկամտի հավանականություն ունեցող ներդրումներին ու ֆոնդերին:

Այսպիսով՝ ստացվում է ընդհանուր 6 կենսաթոշակային ֆոնդեր՝ տարբեր ներդրումային ռազմավարություններով: Լավ նորությունն այն է, որ ցանկության դեպքում կարող ես 6 ֆոնդերում էլ պահել կենսաթոշակային խնայողություններդ: Դիվերսիֆիկացիա եմ ասել, է՜՜:

Հետաքրքրե՞ց, արի պատմեմ, թե ինչպես:

Կենսաթոշակային հաշվի օպերատորների միջոցով, կամ էլ պարզապես “Իմ Հաշիվը” համակարգ մուտք գործելով՝ կարող ես տրամադրել կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի փոփոխման դիմում: Այս տարբերակի դեպքում դիմում ներկայացնելուց հետո այդ պահից սկսած հետագա սոցիալական վճարները կամ այլ կերպ ասած կենսաթոշակային հատկացումները կգնան ընտրածդ կենսաթոշակային ֆոնդ:

Այսպես մի քանի տարին մեկ ֆոնդ կամ ֆոնդի կառավարիչ փոխելով՝ կարող ես ինչ-որ պահի բոլոր 6 ֆոնդերում էլ կենսաթոշակային խնայողություններ ունենալ:

Բայց հիշի՛ր, որ քո կողմից ամեն ամիս կատարված սոցիալական վճարը չի կարող կիսվել, այլ կարող է փոխանցվել միայն մեկ ֆոնդի: 

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: