Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ

Էպիզոդի նկարագրություն

Գիտե՞ս, թե ինչպես կարող ես ընտրել քեզ համապատասխան կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ: Այսօր կպատմեմ ֆոնդերի կառավարիչների մասին, և միասին կհասկանանք, թե ինչպես ընտրություն կատարել: Հայաստանում գործում են կենսաթոշակային ֆոնդերի 2 կառավարիչ՝ ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ և Ցե-Կվադրատ Ամպեգա: Նրանցից յուրաքանչյուրն ունի 3 տարբեր ռիսկայնության ֆոնդեր՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված:

Եթե դու ռիսկային մարդ չես, ապա կարող ես ընտրել քիչ ռիսկային համարվող ֆոնդը՝ կայուն եկամտայինը։ Այս պարագայում կուտակումները ներդրվում են ավանդում և պարտատոմսում:

Մյուս դեպքում, եթե պատրաստ ես դիմելու որոշակի ռիսկի, ապա կարող ես ընտրել պահպանողական ֆոնդը, որը միջին ռիսկային է համարվում: Այս դեպքում քո կուտակումների մեծ մասը ներդրվում է ավանդներում կամ պարտատոմսերում, իսկ փոքր մասը՝ բաժնետոմսերում:

Իսկ եթե ռիսկային մարդ ես, ապա կարող ես ընտրել բարձր ռիսկային ֆոնդը, որը կոչում ենք հավասարակշռված: Այս դեպքում կուտակումների մինչև կեսը կարող է ներդրվել բաժնետոմսերում:

Բնականաբար, որքան ցածր է ռիսկը, այնքան ցածր է բարձր եկամուտ ստանալու հնարավորությունը։

Երիտասարդ տարիքում սովորաբար ընտրում են բարձր ռիսկային ֆոնդը, քանի որ եկամուտները տատանվում են, բայց ընդհանուր գումարը հնարավորություն ունի վերականգնվելու և ավելանալու: Իսկ ավելի մեծ տարիքում կարող ես ընտրել քիչ ռիսկայինը՝ կուտակած գումարը հնարավորինս կայուն պահելու համար։

Հիշեցնեմ, որ ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ չընտրելու դեպքում քո փոխարեն ավտոմատ կերպով ընտրվելու է երկու ֆոնդի կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդը:

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: